Օգտակար բովանդակություն – Google-ի ընդլայնված թարմացում, որը խոստանում է դուրս թողնել այն ամենը, ինչ նախատեսված է միայն որոնման համակարգերի համար։
Google ընկերությունը 2022-ի օգոստոսի 25-ին սկսեց գործարկել նոր Օգտակար բովանդակության (Helpful content) թարմացումը, որով թարմացվում են բովանդակության դասակարգման ալգորիթմները, և ըստ այդմ էլ դրանք ավելի ընդլայնված բանականությամբ են գնահատում կայքերի բովանդակությունն ու դրանց օգտակարության աստիճանը։
2022-ի դեկտեմբերի 5-ից սկսած Google օգտակար բովանդակության ալգորիթմը ևս մեկ կարևոր թարմացման է ենթարկվել, որի մասին սակայն շատ տվյալներ չեն հրապարակվել – այն ընթանում է անտեսանելի ռեժիմում։
Ի՞նչ է պետք իմանալ օգտակար բովանդակության գնահատման մասին
Google-ը հայտարարել է, որ օգտակար բովանդակություն անվանումով թարմացումը պատրաստ է և առաջարկել է բազմաթիվ եղանակներ՝ որոշելու, թե արդյոք ձեր բովանդակությունը որակվում է որպես «առաջինը մարդկանց համար» (People-first):
Google-ը իր քաղաքականության և որոնման համակարգում կայքի օպտիմալացման ուղեցույցերում հատկանշում է, որ իր որոնման համակարգը օգտագործում է բոլոր հնարավոր ալգորիթմներն ու տեխնոլոգիաները, որպեսզի որոնման արդյունքների էջում օգտատերերին իրենց հարցմանը (փնտրվող տեղեկություններին) առավել համապատասխանող ռեսուրսներ ցուցադրի։ Այս բանը իրավամբ ընկնում է Google-ի բոլոր թարմացումների և ալգորիթմային ընդլայնումների հիմքում – օգտատերերին առավելագույնս ցուցադրել մարդկանց համար ստեղծված և օգտակար տեղեկություններ, այն է օգտակար բովանդակություն։
Ստորև ներկայացնում եմ 6 կետ` մասամբ թարգմանված, մասամբ սեփական մեկնաբանությամ, որոնք կօգնեն ձեզ՝ համոզվելու որ առաջին հերթին մարդկանց համար եք բովանդակություն ստեղծում՝ հիմնվելով Google-ի կողմից տրամադրված ցուցումների վրա:
Շատ մի շեղվեք ձեր հիմնական թեմայից
Ունե՞ք արդյոք ձեր բիզնեսի կամ կայքի համար գոյություն ունեցող կամ նախատեսված լսարան, ում բովանդակությունը օգտակար կլինի, եթե նրանք ուղղակիորեն այցելեն ձեր կայք:
Այս խորհրդով Google-ը փորձում է մարդկանց ասել, որ հավատարիմ մնան իրենց փորձառությանը համապատասխանող ոլորտին:
Ենթադրենք, դուք ունեք բաղադրատոմսերի մասին վեբ կայք, սակայն հնարավորություն եք տեսնում օգտագործել լոգարանի պարագաների հետ կապված մեծ ծավալի հիմնաբառեր, որպեսզի նոր լսարանների ներգրավեք դեպի ձեր կայք:
Չնայած լոգարանի պարագաների մասին ձեր հոդվածը կարող է օգտակար լինել, սակայն ձեր գոյություն ունեցող լսարանը, որը գալիս է կայք՝ ակնկալելով բաղադրատոմսեր, դժվար թե այն օգտակար համարի:
Բացի այդ, Google-ն առաջարկում է ինքներդ ձեզ տալ հետևյալ հարակից հարցերը.
- Արդյո՞ք բովանդակությունը հիմնականում որոնման համակարգերից թրաֆիկ ներգրավելու համար է, այլ ոչ թե ստեղծված մարդկանց համար:
- Դուք գրում եք ինչ-որ բաների մասին պարզապես այն պատճառով, որ դրանք թրենդային են թվում, և ոչ այն պատճառով, որ այլ կերպ կգրեիք դրանց մասին ձեր առկա լսարանի համար:
- Արդյո՞ք որոշակի թեմատիկ ոլորտ եք մտել առանց իրական փորձառության, բայց փոխարենը ակնկալում եք, որ կստանաք որոնման համակարգերից օգտատերերի հոսք:
Փորձեք ներկայացնել առաջին ձեռքից անձնական փորձառություն
Արդյո՞ք ձեր բովանդակությունը հստակ է տալիս ձեր անձնական փորձառությունը (առաջին ձեռքից) և գիտելիքների խորությունը (օրինակ՝ փորձառություն, որն առաջանում է ապրանք կամ ծառայություն իրականում օգտագործելուց կամ որևէ վայր այցելելուց):
Այս խորհրդով Google-ը մարդկանց խորհուրդ է տալիս չգրել մի բանի մասին, որն իրենք անձամբ չեն զգացել, փորձել, իրականացրել:
Եթե դուք փորձ ունեք կապված որևէ ապրանքի, ծառայության կամ վայրի հետ, որի մասին գրում եք, այն բավականաչափ պարզ դարձրեք բնօրինակ լուսանկարներով կամ նկարագրություններով:
Պետք է չէ համատեղել բազմաթիվ թեմաներ մեկ կայքում
Ձեր կայքը ունի՞ առաջնային նպատակ կամ ուղղվածություն: Այս հարցով Google-ը ակնարկում է, որ կայքերը պետք է ունենան իրենց հստակ ուղենիշը (niche):
Կայքը չի կարող լինել ամեն ինչ բոլոր մարդկանց համար: Դա ոչ միայն օգտակար չէ այցելուների համար, այլև շփոթեցնող է որոնման համակարգերի համար, որոնք փորձում են հասկանալ կայքի նպատակն ու նշանակությունը:շ
Տրամադրեք հանգամանալից պատասխաններ հարցերին
Ձեր բովանդակությունը կարդալուց հետո օգտատերը կհեռանա՞ ձեր կայքից՝ տանելով իր հետ բավականաչափ տեղեկություններ:
Այս խորհրդով Google-ն ասում է, որ բովանդակությունը օգտակար է, երբ այն մարդկանց ինչ-որ բան է սովորեցնում կամ օգնում է նրանց կատարել անհրաժեշտ գործողությունը, որի մասին տեղեկություններ է փնտրել ինտերնետում:
Իսկապես որ, շատ մարդիկ որոնողական համակարգերի համար բովանդակություն են ստեղծում, հընթացս գրելով լիքը բան՝ առանց որևէ արժեքավոր բան ասելու:
Google-ի օգտակար բովանդակության թարմացումների մասին կարող եք ավելի մանրամասն կարդալ Google Search Central-ի բլոգում։
Տվեք օգտատերերին դիվերսիֆիկացված, հարստացված և ձևավորված բովանդակություն
Արդյո՞ք ձեր բովանդակությունը կգոհացնի ձեր կայքի այցելուներին
Սա վերաբերում է բովանդակության դիզայնին – content design, մի բան որին շատերը ուշադրություն չեն դարձնում, և պարզապես իրենց էջերը լցնում են ամեն ինչով՝ հարուստ բովանդակություն ստեղծելու նպատակով, այնինչ լավ ձևավորված և կառուցվածքով և նույնիսկ ոչ մեծ ծավալով բովանդակությունը կարող է տասնյակ անգամ ավելի շատ արդյունավետ լինել, քան երկար լավաշները՝ 2-3 հազար բառանոց հոդվածները։
Հարստացրեք բովանդակությունը գրաֆիկական պատկերներով, ցիտումներով և մեջբերումներով, լավ մշակված և ոչ մեծ պարբերություններով, ենթավերնագրերով, գունավորված կամ ընդգծված սնիպետներով և այլն — այդպես ընթերցողին ավելի դուրեկան կլինի ուսումնասիրել ձեր բովանդակությունը, և բացի այդ նա ավելի երկար կմնա ձեր կայքում։
Անորոշ և ապակողմնորոշող պատասխաններից պետք է խուսափել
Ձեր բովանդակությունը խոստանում է պատասխանել մի հարցի, որն իրականում պատասխան չունի, օրինակ՝ ներկայացնում է արտադրանքի, ֆիլմի կամ հեռուստաշոուի թողարկման ամսաթիվ, երբ այն դեռ հաստատված չէ։
Այս հարցադրումով Google-ը խորհուրդ է տալիս չմանիպուլացնել ընթերցողներին՝ պարզապես կայք բերելու համար։ Եթե ունեք նմանատիպ բովանդակություն, ապա ընդգծեք, որ դրանք ձեր կանխատեսումներն են կամ անորոշ/առանց հիմնավորման ասեկոսեների մասին մեջբերումներ։
Եվ հիշեք, որ այն ամենը, ինչ որոնման համակարգերին դուր գալու համար անում եք, Google-ը վաղուց արդեն սովորել է ճանաչել 🙂