Տեղեկատվական որոշ ռեսուրսներում հաղորդվել է, որ հանրահայտ ChatGPT-ի հեղինակ OpenAI ընկերությունն աշխատում է որոնողական համակարգի վրա, որն ուղղակիորեն մարտահրավեր է նետելու Google-ին: Սակայն հրապարակված զեկույցում բացակայող մանրամասները հարցեր են առաջացնում այն մասին, թե արդյոք OpenAI-ը ստեղծում է ինքնավար որոնողական համակարգ, թե կա հայտարարության այլ պատճառ, որի մասին դեռ գուցե լռում են:
Եվ այսպես, The Information-ի հրապարակման մեջ նշվում է, որ OpenAI-ը մշակում է վեբ որոնման պրոդուկտ, որն ուղղակիորեն մրցելու է Google-ի հետ որոնողական շուկայում: Հրապարակման հիմնական տեղեկությունն այն է, որ OpenaAI-ի որոնողական համակարգը մասամբ մշակվելու է Bing-ի՝ Microsoft-ի որոնողական համակարգի կողմից: Բացի այս սուղ տեղեկությունից այլ մանրամասներ չկան, այդ թվում՝ այն կլինի առանձին որոնողական համակարգ, թե՞ ինտեգրված կլինի ChatGPT-ում:
Ինչպե՞ս է աշխատելու OpenaAI-ի որոնողական համակարգը
Նշվում է, որ OpenAI-ն օգտագործում է Bing որոնողական համակարգը որպես տվյալների որոնման համակարգի մաս՝ համադրելով GPT-4-ն և Bing Search-ը, գումարած ինչ-որ բան մեջտեղում՝ վերոնշյալ երկու ռեսուրսների կոմբինացիան համակարգելու համար:
OpenAI-ին որոնողական համակարգ ստեղծելու համար հարկավոր է, որ նա մշակի, թե ինչպես է որոնման միջերեսը (user interface) փոխազդում GPT-4-ի և Bing-ի հետ (որոնողական արդյունքների դասակարգում և ցուցադրում):
Այս խնդիրը Bing-ն արդեն լուծել է՝ օգտագործելով այն, ինչ Microsoft-ն անվանում է օրկեստրացման շերտ (Orchestration layer): Bing Chat-ը պատասխանները բարելավելու համար օգտագործում է լրացված որոնման գեներացիայի (retrieval-augmented generation – RAG) տեխնոլոգիան՝ ավելացնելով վեբ որոնման տվյալներ, որոնք օգտագործվում են որպես համատեքստ GPT-4-ի ստեղծած պատասխաններն առբերելու համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես են աշխատում օրկեստրն ու RAG-ը, դիտեք Microsoft Build 2023 միջոցառման հիմնական զեկույցը Microsoft-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Քևին Սքոթի կողմից (31:45 րոպեից սկսած):
Ի՞նչ մրցակցություն կարող է սպասվել
ChatGPT-ն բոլոր ժամանակների ամենաարագ աճող հավելվածն է, որը ներկայումս ունի մոտ 180 միլիոն օգտատեր, ինչին հասնելու համար OpenAI-ից պահանջվել է երկու ամիս, և նման արդյունքի հասնելու համար Facebook-ից և Twitter-ից տարիներ պահանջվեց:
Այնուամենայնիվ, չնայած OpenaAI-ի սուպեր մեկնարկին՝ որոնման շուկայում Google-ի առաջատար դիրքը OpenAI-ի համար մեծ մարտահրավեր է: Պետք է հաշվի առնել, որ Google-ն ունի մոտավորապես 3-ից 4 միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհում, ինչը, մեղմ ասած, համեմատելի չէ OpenAI-ի 180 միլիոնի հետ:
Եթե ենթադրենք, որ OpenAI-ի բոլոր 180 միլիոն օգտատերերը կատարեն օրական միջինը 4 որոնում, ապա որոնումների օրական թիվը կարող է հասնել օրական 720 միլիոնի:
Statista-ի հաշվարկներով՝ Google-ում մեկ րոպեում 6,3 միլիոն որոնում է կատարվում, ինչը հավասար է օրական ավելի քան 9 միլիարդ որոնումների։
Եթե OpenAI-ը է պատրաստվում է մրցակցել որոնողական համաշխարհային շուկայում, ապա նրանք աշխարհին պետք է առաջարկեն տպավորիչ և օգտակար պրոդուկտ՝ այն օգտագործելու համոզիչ պատճառներով: Օրինակ՝ Google-ը և Apple-ը բջջային սարքերի էկոհամակարգում արդեն ներգրավել են այնպիսի մեծ լսարան, որում սարքերի և դրանցում առկա հնարավորությունների օգտագործումն ամենօրյա ռեժիմով կապված է օգտատերերի կյանքի հետ՝ ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը: Բավականին ակնհայտ է, որ նման մեգա-խաղացողների հետ մրցակցելու համար պարզապես որոննման համակարգ ստեղծելը բավարար չէ: