Google-ը, բնապահպանական պատասխանատվությունից ելնելով, կարող է ավելի հազվադեպ սկանավորել կայքէջերը՝ համակարգչային ռեսուրսները խնայելու համար: Այս թեման քննարկել են որոնման համակարգի աշխատակիցներ Ջոն Մյուլլերը, Մարտին Սպլիտը և Գարի Իլշը Search Off the Record փոդքասթի վերջին դրվագում։
Ըստ SEO-ի մասնագետների և կայքերի սեփականատերերի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Google-ը ավելի նվազ հաճախականությամբ է վերասկանավորում ինդեքսացված կայքերի էջերը: Որոնողական համակարգի աշխատակիցները նշել են, որ Google-ը ձգտում է սկանավորումն ավելի էկոլոգիապես մաքուր դարձնել՝ խնայելով համակարգչային ռեսուրսները։ Քանի որ կայքէջերի սկանավորումն ու ինդեքսավորումը տեղի են ունենում վիրտուալ կերպով, կայքի սեփականատերերը հաշվի չեն առնում, թե ինչպես է դա ազդում շրջակա միջավայրի և բնության վրա:
Համակարգչային տեխնիկան ընդհանրապես էկոլոգիապես մաքուր չէ: Եթե դուք մտածում եք բիթքոյնի մասին, օրինակ, ապա դրա մայնինգը ունի իրական բնապահպանական ազդեցություն, որը դուք կարող եք չափել, հատկապես, եթե էլեկտրաէներգիան ձեր տարածաշրջանում ստացվում է վառելիքով աշխատող կայաններից կամ այլ ոչ էկոլոգիապես մաքուր կայաններից:
«Մենք առանց ածխաթթու գազերի արտանետման ենք անցել 2007-ից կամ 2009-ից (չեմ կարող հստակ հիշել), բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող է՛լ ավելի նվազեցնել մեր շրջակա միջավայրի վրա մեր թողած ազդեցությունը: Սկանավորումն այդ բաներից մեկն է, որը ոչ պակաս շատ ռեսուրսներ է պահանջում…», – ասել է Գարի Իլշը:
Սկանավորումը կարելի է ավելի էկոլոգիապես մաքուր դարձնել՝ նվազեցնելով բովանդակության ստուգումների/սկանավորումների քանակը:
Google-ը կատարում է երկու տեսակի սկանավորում.
- Սկանավորում՝ նոր բովանդակություն հայտնաբերելու համար,
- Սկանավորում՝ արդեն ինդեքսավորված բովանդակության թարմացումները ստուգելու համար:
Որոնողական համակարգը դիտարկում է երկրորդ տիպի սկանավորումների քանակը կրճատելու հնարավորությունը՝ բովանդակության թարմացումները ստուգելու համար:
Ըստ Իլշի, նույն URL-ին շատ հաճախ վերադառնալու կարիք չկա։ Բացառություն են կազմում մեծ հայտնի կայքերը։
Օրինակ, Wall Street Journal-ը մշտապես թարմացնում է գլխավոր էջը նոր բովանդակությամբ, ուստի այս էջը պետք է ավելի հաճախ սկանավորվի փոփոխությունների համար: Սակայն Wall Street Journal-ի «Մեր մասին» էջը դժվար թե հաճախ թարմացվի, ուստի որոնողական համակարգի համար իմաստ չունի նորից փնտրել մի բան, որը չի փոխվում:
Առայժմ Google-ի թիմը դիտարկում է միայն այս գաղափարը։ Իսկ թե արդյոք որոնողական գիգանտն իսկապես կնվազեցնի սկանավորումների քանակը, կիմանանք ավելի ուշ:
Աղբյուրը՝ Search Engine Journal