Նախորդ հոդվածում արդեն անդրադարձել եմ մի քանի SEO օգնական գործիքների, որոնց օգնությամբ SEO մասնագետի աշխատանքը կարող է հեշտանալ՝ ամենօրյա բազմաբնույթ աշխատահոսքերն ու կայքի անալիտիկային հետևելու գործընթացն ավելի արդյունավետ դարձնելով։
Այս հոդվածում կներկայացնեմ մի քանի անալիտիկ ռեսուրսներ, որոնք կարելի է օգտագործել կայքի վիճակագրական տարբեր ցուցանիշներին հետևելու, բանալի բառերի վերլուծություններ անելու և կայքի տեխնիկական վիճակին հետագծելու համար։
Նշեմ, որ բոլոր նշված ռեսուրսները ունեն հատկություններ, որոնք կարող են ինչ-որ կերպ համապատասխանել ձեր ցանկություններին և պահանջներին, և որոշ դեպքերում՝ ոչ։ Այսինքն, ասել կուզեմ, որ ցանկը կազմված է սուբյեկտիվ պատկերացումներով։
Կայքի անալիտիկա / վիճակագրություն
Կայքի վիճակագրության հետագծում – լավագույն գործիքը Google Analytics-ն է, որի մասին ամենայն հավանականությամբ արդեն լսել եք, կամ ավելի հավանական է, որ արդեն օգտագործում եք։
Analytics-ի հիմնական հնարավորությունները շատերն են օգտագործում՝ կայքի անալիտիկային հետևելու համար, սակայն քչերն են օգտագործում դրա ընդլայնված (advanced) գործիքները, օրինակ՝ նպատակներ (goals) ստեղծելու և դրանց արդյունավետությունը հետագծելու գործառույթը։ Իմ կողմից խորհուրդ կտայի անպայման փորձել ձևակերպել նպատակներ (ամենապարզ օրինակը՝ այն, թե ինչ պետք է անի օգտատերը կայքում և որ էջ անցնի, որը կհապատասխանի ձեր սպասելիքներին) և հետագծել դրանց արդյունավետությունը։
Իհարկե, Analytics-ն առանց Search Console-ի նման կլինի տոնածառի՝ առանց տոնական խաղալիքների։ Այնպես որ չենք մոռանում հետևել կայքի հիմնական ցուցանիշներին և այլ տեղեկություններին Google Search Console-ում։
Բարեբախտաբար, Google Analytics-ն ու Search Cоnsole-ը ամբողջովին անվճար գործիքներ են, և ամենակարևոր վիճակագրական տվյալների վերլուծության համար մենք պարտավոր չենք վճարել։
Կայքի աշխատանքային արդյունավետություն
Կայքի տեխնիկական և արդյունավետության պարամետրերի ստուգում և հետագծում – նշված պարամետրերի հետագծման համար հարմար գործիք է Hexometer ծառայությունը, որն ի դեպ, ունի հայկական ծագում, և վերջերս ներգրավել է մի քանի միլիոն դոլար ներդրում։
Hexometer-ը վեբ կայքի առողջության և աշխատանքի արդյունավետության հետագծման գործիք է, որն անընդմեջ 24/7 ռեժիմով վերահսկում և սկանավորում է կայքի տվյալակետերը (data points), հայտնաբերելում է կայքի օպտիմալ աշխատանքին խանգարող սխալներն ու հաղորդում դրանց մասին։ Աշխատանքային արդյունավետության ամենապարզ օրինակներից է էջի բեռնման արագությունը (page load speed) կամ կայքի արձագանքման արագությունը (website response time), որոնք վերջին շրջանում համարվում են SEO-ի ամենակարևոր ֆակտորներից մեկը, քանի որ դրանց մեծ ուշադրություն է դարձվում Google-ի կողմից։
Իմ փորձից կարող եմ տեղեկացնել, որ Hexometer-ի կողմից տրված տեղեկությունների օգնությամբ մի քանի կայքերում մեծ ծավալով փոփոխություններ և ավելացումներ եմ արել, որի արդյունքում էապես լավացել է ինչպես կայքերի աշխատունակությունն ու արդյունավետությունը, այնպես էլ որոշ չափով որոնողական համակարգերում դիրքերը։ Այդպիսի օրինակներից մեկն է desuden.com տուրիստական բլոգը, որում բավականաչափ թերություններ հայտնաբերվել են հենց Hexometer-ի օգնությամբ։
Hexometer-ի ծառայություններից հնարավոր է օգտվել ինչպես անվճար՝ որոշակի սահմանափակումներով, այնպես էլ պրոֆեսիոնալ վճարովի փաթեթներով, որոնց հնարավորություններն ավելի մեծ են։
Կայքի SEO վերլուծություն
SEO տվյալների վերլուծություն – այս բանի համար իմ ցանկում ներառված է Moz.com-ը։ Moz-ի Pro փաթեթը նախատեսված է կայքի SEO պարամետրերի և հետադարձ հղումների վերլուծության, բանալի բառերի հետազոտության, կայքի դիրքերի հետագծման և այլ գործողությունների համար։ Փաստացի Moz Pro-ն բոլորը մեկում անալիտիկայի գործիք է, որն օգնում է բիզնեսին կառավարել SEO արշավների բազմաթիվ ասպեկտները մեկ վայրում:
Սա լավ գործիք է Google Analytics-ից բացի օգտագործելու համար, եթե իհարկե ձեր բյուջեն թույլ է տալիս ամսական մոտ 100$ վճարել այսպիսի ծառայության համար:
Moz Pro-ի միջոցով դուք կարող եք տեսնել, թե արդյոք ձեր SEO արշավն աշխատում է ձեր լսարանի համար: Այն թույլ է տալիս հետևել, թե ինչպես են որոնողական համակարգերում դասակարգվում ձեր վեբ էջերը որոշակի հիմնաբառերի համար: Դուք նաև տեղեկանում եք, թե ինչպես են դասակարգվում ձեր վեբ էջերը որոշակի հիմնաբառերի համար՝ համեմատած ձեր մրցակիցների հետ (փաստացի սա նաև լավ գործիք է մրցակիցների վերլուծության համար):
Moz-ի սարդ-ռոբոտն (crawler) ինքնուրույն թափառում է ձեր կայքում և ինդեքսացնում ձեր կայքի բոլոր էջերը, որի արդյունքում դուք նաև ստանում եք կայքէջերի բազմաթիվ պարամետրերի համար տեղեկություններ՝ սխալներ, թերություններ, շտկման ենթակա էջեր, և այլն։
Բացի վերը նշված հնարավորություններից, Moz-ը վերլուծում է կայքի ընդհանուր վիճակն ու տալիս կայքի հեղինակության համար համապատասխան թվային ցուցանիշ՝ արտահայտված DA (Domain Authority) մարկերով 0-100 միջակայքում, որը շատերի կողմից օգտագործվում է որպես կայքի կամ վեբ էջի կշռի ցուցանիշ։ Օրինակ՝ aviatomser.com կայքի Domain Authority-ն այս հոդվածը գրելու պահին 18 էր։
DA-ը որոշելու համար Moz-ը հիմնականում օգտագործում է դեպի կայք առկա հետադարձ հղումների (backlinks) թիվն ու դրանց որակը: DA-ը այս պահին համարվում է ամենավստահելի ցուցանիշը՝ կայքերի մասին առաջնային տեղեկություններ փոխանցելու համար։
Բանալի բառերի վերլուծություն
Բանալի բառերի հետազոտություն, վերլուծություն և կանխատեսումներ – այս ամենի համար կա մեկ և ամենակարևոր գործիքը, որը ևս տրամադրվում է Google-ի կողմից անվճար։ Այդ գործիքն է Google Ads հարթակում ներդրված Keyword Planner-ը։
Եթե ցանկանում եք ուսումնասիրել, թե որոշակի բանալի բառերով ամսական որքան որոնումներ են կատարվում Google որոնողական համակարգում, կամ եթե ցանկանում եք իմանալ, թե որոշակի բանալի բառերի համար ինչպիսի ուղեկցող/թեմատիկ առնչվող բանալի բառեր կան և որքան են դրանց ամսական որոնումները, ապա ամենաուղիղ ճանապարհը Google-ի Keyword Planner-ից օգտվելն է։
Ի դեպ, ուսումնասիրելով բանալի բառերի վիճակագրությունը, դուք նաև կտեղեկանաք, թե որքան արժեն այդ բառերով գովազդի ցուցադրությունները կամ 1 քլիքի արժեքը Google-ի գովազդային հարթակում։ Դրանով որոշվում է նաև բանալի բառի/հիմնաբառի «դժվարության գործակիցը»․ այսինքն որքան թանկ է տվյալ բանալի բառով 1 քլիքի արժեքը Google-ի գովազդային ցանցում, այնքան դժվար բանալի բառ է այն համարվում, և այդքան էլ դժվար է այդ հիմնաբառով որոնողական օրգանական առաջխաղացումը։
Google Keyword Planner-ը, կարելի է ասել, հավաստի տեղեկություններ հաղորդող միակ ռեսուրսն է, որին կարելի է վստահել այնքանով, որքանով որ ճշգրիտ են ցուցադրվող արդյունքները (թվերը ցուցադրվում են խիստ մեծ միջակայքով, օրինան՝ ամսական 100 – 1000 որոնում, և դժվար է հստակ հասկանալ կոնկրետ ամսական որոնումների թիվը)։
Մրցակիցների վերլուծություն
Մրցակիցներին գտնելու և նրանց մասին տեղեկություններ ստանալու համար շատերը խորհուրդ կտան օգտվել SimilarWeb-ի ծառայություններից։
SimilarWeb-ը գործիք է, որը գնահատում է տարբեր կայքերի թրաֆիկի ընդհանուր ցուցանիշը: Այն թույլ է տալիս տեսնել մրցակիցների թրաֆիկի լավագույն աղբյուրները՝ բաժանված վեց հիմնական կատեգորիաների՝ ներառյալ հղվող կայքերը, սոցիալական ռեսուրսներից թրաֆիկը և որոնման լավագույն հիմնաբառերը:
Թեև SimilarWeb-ը 100%-ով ճշգրիտ չէ, այն ձեզ հնարավորություն է տալիս տեսնելու ձեր մրցակիցների Թրաֆիկի աղբյուրները, ինչը շատ արժեքավոր է և՛ SEO-ով, և՛ բովանդակության մարքետինգով զբաղվող յուրաքանչյուր մասնագետի համար:
SimilarWeb-ը նաև արագ միջոց է՝ տեսնելու, թե ովքեր են ձեր տարածքում ամենամեծ խաղացողները և հասկանալու նրանց համապատասխան ցուցանիշները համացանցում:
SimilarWeb-ը ունի անվճար, որոշակի սահմանափակումներով օգտագործման հնարավորություն, սակայն ծառայության ամբողջական հնարավորություններն օգտագործելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել վճարովի փաթեթներից որևէ մեկին։
——————