Շատ հաճախ բովանդակություն ստեղծելիս, օրինակ որևէ հոդված կամ բլոգային հրապարակում գրելիս, մեզ անհրաժեշտ է լինում արագ կողմնորոշվել բանալի բառերի ընտրության հարցում և փնտրել մեր բովանդակության հետ առնչվող լավագույն 5 որոնման հիմնաբառերը, որոնք մարդիկ ամենից հաճախ են անում որոնողական համակարգերում։
Կայքի անալիտիկա տրամադրող ռեսուրսների մասին արդեն անդրադարձել եմ, սակայն այստեղ կներկայացնեմ մեկ հարմար տարբերակ, եթե դուք ժամանակ կամ ցանկություն չունեք օգտվելու վիճակագրական տվյալների ռեսուրսներից, մասնավորապես Keyword Planner-ից։
Հայկական ցանցում կատարվող որոնումների դեպքում Google-ը իր Keyword Planner գործիքով շատ հաճախ չի տրամադրում տեղեկություններ մեր նշած բանալի բառերի համար, քանի որ դրանցով կատարվող որոնումները բավականաչափ շատ չեն և վիճակագրական տվյալները չեն բավականացնում՝ տվյալներ ցուցադրելու համար։ Սակայն վիճակագրության բացակայությունը չի նշանակում, որ ձեր ընտրած բանալի բառը որևէ արժեք չունի կամ դրանով ընդհանրապես որոնում չեն անում։
Կոշիկների հետ կապված որոնումներ
Եվ այսպեղ, ենթադրենք մեր թեման կոշիկներն են, և այդ թեմայով անհրաժեշտ է հասկանալ թե ինչ որոնումներ են կատարում մարդիկ, ապա հիմնվելով այդ տվյալների վրա՝ կազմել մեր բովանդակությունը՝ ներառելով հատկապես ամենից շատ որոնվող և իրար հետ առնչվող հիմնաբառերը / բանալի բառերը մեր նյութի մեջ։
Որևէ դիտարկիչով բացում ենք Google.com որոնողական համակարգը, ապա որոնման դաշտում մուտքագրում ենք «կոշիկներ», որից հետո Google-ը մեզ կցուցադրի հուշումներ՝ կապված կոշիկների հետ։ Այս դեպքում, ինչպես ցուցադրված է ներքևի սքրինշոթում, կոշիկներ թեմայի հետ առնչվող որոնման հարցումներն են ըստ հաճախականության՝ օրթոպեդիկ կոշիկներ, ձմեռային կոշիկներ, մանկական կոշիկներ, հայկական կոշիկներ և բժշկական կոշիկներ։
Սույն հերթականությունը կապված է տվյալ ժամանակահատվածում ամենից հաճախ կոշիկներ բառով համակցված կատարվող որոնումների քանակի հետ։
Հարկ է նշել սակայն, որ կախված սեզոնից, այս հերթականությունը վստահաբար կփոխվի։ Քանի որ այս որոնման սքրինշոթը արվել է 2022-ի հունվարի 26-ին, ապա դրան նախորդող 1-2-3 ամիսներին վստահաբար ավելի հաճախ մարդիկ փնտրել են ձմեռային կոշիկներ, այդ իսկ պատճառով այդ որոնումը (բանալի բառը) կոշիկներ բառով հուշումների հերթականության մեջ երկրորդն է։ Կարելի է ենթադրել, և այդ մասին հուշում է նաև Google-ը, որ անկախ սեզոնից, մարդիկ առավել շատ փնտրում են օրթոպեդիկ կոշիկներ, ինչը հետաքրքիր ցուցիչ է, մասնավորապես կոշիկների խանութների սեփականատերերի և մենեջերների համար ։)
Եթե կոշիկների խանութի համար բովանդակության ստեղծումը լիներ իմ առաջադրանքը, ապա ես վստահաբար կօգտագործեի օրթոպեդիկ կոշիկների հիմնաբառը և տարբեր վարիացիաներով այն կօգտագործեի կառուցվող բովանդակության մեջ՝ ստեղծելով առանձին էջ հենց այս հիմնաբառի հիման վրա։ Այնուհետև հերթականությամբ հոդվածներ և/կամ վաճառող էջեր կստեղծվեին հաջորդող որոնվող արտահայտությունների համար, որից հետո արդեն մնացյալ տրամաբանական գործողությունները։
Դիտարկենք մեկ այլ բանալի բառ և դրան առնչվող որոնումներ – ավիատոմսեր
Ինչպես երևում է ցուցադրվող որոնման սքրինշոթից, մարդիկ առավել հաճախ ավիատոմսերի հետ կապված փնտրում են ավիատոմսեր քոմ, որը հիբրիդ որոնման հիմնաբառ է, քանի որ հանդիսանում է բանալի բառի հիման վրա կառուցված բրենդ՝ aviatomser.com կայքի համար։ Հաջորդող որոնումներն արդեն խոսում են իրենց մասին․ մարդիկ հաճախ որոնում են նաև ավիատոմսերի գների հետ կապված տեղեկություններ, ապա տվյալներ կոնկրետ ուղղությունների համար։
Այստեղ ևս մեծ է հավանականությունը, որ տվյալ թեմայի հետ առնչվող որոնումների հաճախականությունը կարող է փոփոխվել տարբեր սեզոններին և տարբեր իրադարձություններից ելնելով։ Օրինակ՝ կարող է գործարկվել նոր ուղղությամբ թռիչք Երևանից, որը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել լայն շրջանակներում, ինչի արդյունքում անմիջապես Google-ում կկատարվեն մեծաթիվ որոնումներ այդ ուղղության համար, ենթադրենք պայմանական՝ Երևան-Մեխիկո, թռիչքներ Պեկին կամ Երևան-Սիդնեյ (նշում եմ այնպիսի ուղղություններ, որոնց համար ուղիղ թռիչքներ չկան)։
Հաջորդիվ ներկայացնում եմ ևս մի քանի սքրինշոթ՝ կապված Google-ում կատարվող հետաքրքրական և մեծ հաճախականություն ունեցող որոնումների հետ։
Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ մենք հստակ կարող ենք կողմնորոշվել Google-ի որոնման հուշումներով և ինչպես կազմակերպել մեր որոնումը, այնպես էլ մշակել մեր բովանդակության ռազմավարությունը։ Google-ի որոնման հուշումները անխոս վստահելի ուղենիշներ են, որոնց օգնությամբ մենք կարող ենք բացահայտել ամենաօգտագործվող արտահայտությունները և բառերը մեր բովանդակության մեջ, կարող են իմանալ նոր թրենդների մասին, որոնք գուցե մեզ դեռ ծանոթ չէին։
Հարկ է ավելացնել նաև, որ հուշումների նմանությամբ տեղեկություններ են ցուցադրվում, երբ դուք արդեն կատարել եք որոնումը։ Ձեր կատարած որոնման հետ առնչվող թեմաները կցուցադրվեն որոնման արդյունքների էջի ներքևում, ինչպես ցուցադրված է սքրինշոթում՝ իմ կողմից կատարած «Ծաղկաձոր» որոնման համար․
Փնտրեք և բացահայտեք նոր թեմաներ 🙂
Սույն բովանդակությունը կառուցելու համար օգտագործվել են տեղեկություններ միայն Google որոնողական համակարգից, որի համար շնորհակալություն եմ հայտնում։
Կարդացեք նաև 5 օնլայն գործիքների մասին, որոնք նախատեսված են կայքի անալիտիկայի և տվյալների վերլուծության համար։