ՈրոնումՕպտիմալացում

Ստեղծագործողների և փոքր բիզնեսների դրախտային հարթակները

Linkinbio հարթակները փոխարինում են վեբկայքերին

Եկեք առայժմ մոռանանք մետավերսի մասին, քանի որ այս օրերին ամենածանր օնլայն կապիտալը սոցիալական մեդիայի կենսագրությունն է:

Անցած մի քանի տարիների ընթացքում Link in bio բիզնեսները, ներառյալ Linktree-ն, Linkfire-ն, Linkpop-ը, Koji-ն, AllMyLinks-ը և Beacons-ը, հայտնվեցին՝ ծառայելու ստեղծագործողների (ինչպես նաև փոքր բիզնեսների) աճող ինդուստրիային — մարդիկ և կազմակերպություններ, ովքեր անվերջ փնտրում են իրենց լսարանը գրավելու հեշտ ուղիներ և գործիքներ, որոնք հասանելի են զրուցելու, որոնելու, գնումներ կատարելու և հեռարձակման համար մեկ բութ մատի հպումով:

Հայկական Ավիատոմսերի հարթակի վայրէջքային էջը Linktree-ում
Հայկական Ավիատոմսերի հարթակի վայրէջքային էջը Linktree-ում

Այս բիզնեսները վերցնում են պարզ URL-ը և վերածում այն ​​հասարակ, բայց արդյունավետ վայրէջքային էջի (Landing page), որտեղ մարդիկ ցանկանում են ուղղորդել իրենց հետևորդներին և տրամադրել առավելագույնս կոմպակտ սակայն անհրաժեշտ տեղեկություններ իրենց լսարանին։ Այդպիսի տեղեկություններից նախ պետք է նշել սոցիալական էջերի և կոմերցիոն ռեսուրսների հղումները, ապրանքների, ծառայությունների կամ բովանդակության տեսանելիությունը, գնումների մասին տեղեկություններ և վճարումներ ընդունելու հնարավորություն։ Դրախտ — մեկ բառով կարելի է բնութագրել Linkinbio հարթակները անհատ ստեղծագործողների համար։

Իմ անձնական լենդինգ էջը՝ իմ բոլոր սոց էջերի և կայքերի հղումներով

Linkinbio հարթակները գնալով ավելի ու ավելի են կարողանում դրամայնացնել իրենց ազդեցությունը՝ միևնույն ժամանակ տրամադրելով ավելի հարուստ գործիքներ ու հնարավորություններ ինչպես բիզնեսներին, այնպես էլ անհատ ստեղծագործողներին։

Այդպիսի վայրէջքային էջը կարող է ներառել ամեն ինչ՝ սկսած Spotify-ում որևէ կատարումից, մինչև հաշիվ Patreon բաժանորդային հարթակում: Link in bio հարթակները սովորաբար գումար են վաստակում տվյալների վերլուծության և պրեմիում հավելումների համար ամսական կամ տարեկան վարձավճարներից: Սա շատ պարզ կոնցեպտ է, բայց միևնույն ժամանակ մեծ առավելություններ է տրամադրում ինֆլուենսերներին։ 2021 թ․-ին Linktree հարթակի շուկան աճել է 327%-ով:

Որոնման համակարգերում տեսանելիության տեսանկյունից՝ այս էջերը ունեն թույլ նշանակություն, սակայն որևէ այլընտրանքային ծանրակշիռ ռեսուրսի բացակայության պայմաններում, կարող են ամբողջապես ծառայել որպես հիմնական տեղեկատվական ռեսուրս ինչպես բիզնեսի, այնպես էլ անհատների համար, և ինդեքսացվել ու տեղավորվել որոնողական համակարգերի արդյունքների ցուցադրման բարձր էջերում։

Մյուս կողմից, որոնողական համակարգերում ազդեցությունը բարձրացնելու համար շատ մարքետինգի մասնագետներ Linkinbio հարթակներն օգտագործում են որպես հետադարձ հղումներ գեներացնելու օրգանական միջոց, որի արդյունավետության հետ կապված դեռ դժվարանում եմ որևէ հետևություն անել։ Սակայն չի բացառվում, որ նմանատիպ 10-15 ռեսուրսներից ստացվող հղումները կարող են որոշակի ազդեցություն ունենալ լինք-ծավալի վրա։

Անհատ ստեղծագործողի կամ փոքր բիզնեսի համար նոր հաճախորդների կողմից բացահայտման հնարավորությունը կենսական նշանակություն ունի: Այդպիսով, կարելի է կանխատեսել, որ Linkinbio հարթակները դեռ շատ հեռուն կարող են գնալ՝ ժամանակի ընթացքում առաջարկելով էլ ավելի մեծ հնարավորություններ մեկ վայրէջքային էջով դրամայնացում ապահովելու համար։ Չի բացառվում նաև, որ հարթակներից որոշները սկսեն վեբկայքի նման կայք-այցեքարտեր պատրաստելու հնարավորություն տալ իրենց օգտատերերին՝ մրցակցության մեջ մտնելով Wix-ի, Softr-ի կամ Ucraft-ի հետ։